Posted in Գրականություն 2022-2023

Թումանյան, «Ձևն ու հոգին» 

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին․ իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանամ ու երկար միրուք։ Եվ եթե նա ավետարանը փչացնի— ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանամ։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Իմ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանամ, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ են խաղում.

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

Այս աշխարհում յուրաքանչյուը ունի իր ձևն ու հոգին։ Մարդիկ չգտնելով հոգին գտնում են հեշտ ճանապարհ ու սկսում գնալ ձևի ետևից։Ոչ բոլորն են կարողանում ներթափանցել ու զգալ խորությունը։ Սիրո մեջ անգամ, շատ զույգերի ամրությունը գալիս է կողքինի գեղեցիկ լինելուց։ Շատ դեպքերում կողակիցները չեն էլ ցանկանում հասկալ մարդու հոգին ու պահուն սիրո <<ձևական>> մասը։ Եկեղեցական տոներ կան, որոնք նշում ենք մենք առանց հասկանալու նշանակությունը։ Օրինակ, մինչ զատիկ պետք է հավատացյալ մարդը պաս պահի, որպեսզի մաքրի իր օրգանիզմը։ Պասից հետո նոր մարդիկ զատիկի տոնին կարող են ուտել այն ինչ ցանկանում են։ Շատերը առանց դա իմանալու այդ օրը ուղղակիորեն ձևի համար նշում են , որպես <<Քրիստոնեական ընտանիք>>։ Եկեղեցում շատ ժամանակ առաջ մոմ վառելը իր նշանակությունն է ունեցել։ Իսկ այսօր մարդիկ առանց հասկանալու են այդ անում։ Հոգուն դիպչելու համար շատ ժամանակ ու ջանք է պետք։ Դժվար է լինելու այդ Հոգուն անգամ մեկ ակնթարթով նայելը, սակայն մարդիկ ընտրում են հեշտ տարբերակը ՝ ձևը։

Leave a comment